Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Զգացել եմ ինչպես են պոկում հոգիս մարմից

Զգացել եմ ինչպես են պոկում հոգիս մարմից
30.07.2024 | 06:57

Թուրքը որոշել էր գթասիրտ գտնվել, ու շուրջ 9-ամսյա էլեկտրականության անջատումից հետո, վերականգնել էր էլեկտրամատակարարումը։ Անցա պատշգամբ խնամքով սրբեցի պահարանի փոշին, ջրեցի ծաղկած գույզգույն մանուշակներս ու փոքրիկ կիտրոնի ծառը, որ Հադրութից մնացած հիշատակն էր։ Փոշեկուլով մաքրեցի ու լվացի ողջ տունը։ Տղաս անտեղյակ խաղաղ քնել էր, կոկորդումս ինչ-որ բան սեղմվեց, հոգիս ցավից մղկտաց, ես տղայիս ի՞նչ պիտի ասեմ:

Նստեցի բազմոցին:

Նայեցի տան պատերին, ամեն մի սանտիմետր վերանորոգման վրա ինչքան սեր ու ջերմություն եմ դրել, մտածելով որ կիսատ ընտանիքի ցավը օջախի ջերմությամբ կծածկեմ, տղաս էլ կմեծանա հոր կյանքով փրկված այս մի բուռ հողակտորի վրա։

Մի պահ անջատվեցի մտքերից, առավոտյան ժամը 6 էր։

Ճանապարհվելուն 2 ժամ էր մնացել:

Դողացող ձեռքերով շրջանակից հանեցի ամուսնուս նկարները, զինգրքույկը, պատվոգրերը, մարտական խաչը, զինվորական համազգեստն ու Հայաստանի դրոշը` տեղավորեցի ճամպրուկի մեջ, ոտքիս ծայրերի վրա տղայիս սենյակի պահարանից հանեցի մի երկու զույգ տաք հագուստ, իսկ կիսաթև շապիկները խնամքով դասավորեցի պահարանում, ուղեղս չէր ընդունում սպասվելիքը, իսկ ենթագիտակցությունս ասում էր շուտով հետ կգաք։

Տան իրերը լողում էին աչքերիս առաջ, բայց ես ոչինչ չէի ուզում հետս վերցնել։

Որովհետև ճամպրուկի մեջ ինչ էլ տեղավորեմ, ինքս ինձ, հոգիս չէի կարող տեղավորել։ Ամբողջ ճանապարհին փակել եմ աչքերս։

Հակարին անցնելիս էլ վախ չեմ զգացել, բայց սարսափելին եմ զգացել, զգացել եմ ինչպես են պոկում հոգիս մարմից:

Նունե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4473

Մեկնաբանություններ